Ավարտվեց հրաշալի մի պատմություն ևս հայոց խելահեղ գեղեցիկ երկնքի տակ՝ Հայաստան եկավ ու գնաց Հռոմի պապը՝ երեք օր, երբ մենք մենք էինք ու մենք չէինք: Չափազանց մեծ, անդիմադրելի մեծ է գայթակղությունը մեջբերումներ անել պոնտիֆիկոսի ելույթներից, որոնցից լույս ու հանդարտություն, սեր ու հպարտություն էին կաթում: Որտեղ հանդարտ ասված բառը պայթում էր իմաստի խորքով ու հզորությամբ: Որտեղ լռությունը պայթյուն էր՝ շուրջբոլորը միտք տարածելով: Երեք օր, երբ մենք մենք էինք ու միայն մենք չէինք՝ երբ մեզ հառված հայացքի մեջ ինքնաճանաչման հնարավորություն էր մեզ տրված: Ինքնահարգանքի, ինքնագիտակցման, ինքնաբացահայտման: Չէ, իհարկե, հազար տարի ու ավելի մեր Նարեկացին մերն էր, մեր Շնորհալին մերն էր, հարյուր տարի ու ավելի մերն էր մեր Չարենցը:
Բայց հիմա մեր Նարեկացին տիեզերական վարդապետ է ու եկեղեցու ուսուցիչ, մեր Շնորհալին շնորհի ու իմաստնության աղբյուր է, իսկ մեր Չարենցը՝ հանճարեղ բանաստեղծ, որ երկիր է ճանաչելի դարձնում ու սիրելի: Հայի ու հայության քաղաքակրթական արժեքի գնահատական՝ ուղղված աշխարհին: Խաղաղության աղավնիներ, որ Գրիգոր Լուսավորչի Խոր վիրապից թռան դեպի Արարատ:
Բոլոր նրանց համար, ովքեր հավատում են Աստծուն, Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան Աստվածաշնչի հետ տետ ա տետ հաղորդակցվելու ժամանակ էր՝ ոչ միայն մեջբերումների ու մեկնությունների, այլև կենդանի պատումի շարունակություն: Բոլոր նրանց համար, ովքեր ի պաշտոնե հայտնվել էին այցի շրջանակներում, դժվար աշխատանք էր՝ վարվեցողության և ներքին կուլտուրայով համապատասխանության առումով: Բոլոր նրանց համար, ում պապը հասանելի էր հեռուստացույցից, այս պատմությունը ճանապարհորդություն էր նաև սեփական երկրով:
Համառորեն չտրվելով Ֆրանցիսկոս պապի խոսքերից մեջբերումների գայթակղությանը, հարցեր չտալու գայթակղությունից չեմ ուզում հրաժարվել: Ամեն սերունդ գալիս է կյանք՝ պատասխանելու մարդկության պատմության երեք հավերժական հարցերին՝ որտեղից ենք գալիս, ով ենք մենք, ուր ենք գնում: Ամեն պետություն իր պատմությունը սկսում է՝ ունենալով այդ երեք հարցերի որոշակի պատասխաններ՝ որոշակի ժամանակահատվածի համար: Պատասխաններ, որ պատմական են, քաղաքական են, իրական են, շինծու են, ագրեսիվ կամ պարտվողական, ազդեցիկ կամ տարտղնված, անորոշ ու անգույն: Տարբեր են լինում պատասխանները, ինչպես տարբեր են ժամանակները: Պատմությունը հետո ամեն ինչ իր դարակներին է դասդասում, բայց պատմությունը մնում է պատմության մեջ, որովհետև դարերի միջից ոչ ամեն ինչ է հայտնի դառնում ու հետո՝ ամեն ինչ իմաստավորվում է ներկայի խնդիրների տեսակետից, և ուրեմն՝ քաղաքականացվում է: Իսկ քաղաքականությունը միանշանակ պետք է ողնաշար ունենա ու նպատակ: ՈՒ ո՞րն է մեր քաղաքականության ողնաշարը, եթե մենք շարունակում ենք աշխարհին ներկայանալ իբրև ժողովուրդ, որ վերջին հարյուր տարում զբաղված է երեք խնդիր լուծելով՝ ցեղասպանություն, երկրաշարժ, Ղարաբաղ: Ցեղասպանության ճանաչում: Երկրաշարժի հետևանքների հաղթահարում: Ղարաբաղի հարցի լուծում: ՈՒ ո՞վ ենք մենք, եթե երեք դեպքում էլ չգիտենք՝ ինչպես: Չէ, իհարկե, հազարավոր էջեր գրել ենք, պատմությունը պատմել ենք, վկայությունները վկայել ենք, բողոքել ենք, ողբացել ենք, մեղադրել ենք, վրդովվել ենք, բայց ոչ մի անգամ մի կարգին չենք կռվել ու մի կարգին չենք կատաղել: Փոխարենը նայել ենք աջ, նայել ենք ահյակ, բայց ոչ վերև ու ներքև՝ ոչ ոտքի տակի հողն ենք ամրացրել, ոչ Աստծուն ենք ապավինել: Ցեղասպանություն ապրած ժողովրդի առաջին ու բնազդային պոռթկումը աճել ու բազմանալը պիտի լիներ, մի բուռ մնացած հողից կառչել ու ուժեղանալը: Մենք ի՞նչ ենք անում: Մենք ցեղասպանությունը դարձրել ենք քաղաքականություն: Ափիբերան սպասում ենք՝ ո՞վ կճանաչի, ով ու երբ ի՞նչ կասի, ո՞ր պետությունը ո՞ր պետությանը կմեղադրի, որ ասենք՝ մենք ճիշտ ենք:
Հռոմի պապը, որ իր այցը Հայաստան անվանել էր ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր, մեզ մեզնից ավելի գիտեր ու գնահատում էր, մենք նորից մտանք մեր դերի մեջ ու բուռն քաղաքական հրճվանք ապրեցինք, երբ նախնական տեքստի մեջ չկար, բայց նա կրկնեց «ցեղասպանություն» բառը: Հետո սպասում էինք՝ թուրքերն ի՞նչ կասեն, դեսպան հետուառաջ կանե՞ն, պապի այցը լուսաբանող արտասահմանյան լրատվամիջոցներն ի՞նչ կգրեն:
Պապը պիտի գար ու մեզ ասե՞ր՝ ձեր սրբադասված զոհերն ինչ դեր ունեն, Ֆրանցիսկոս պա՞պը պիտի բացատրեր, որ մոմ վառելը ծես է, կարևորը աղոթել կարողանալն է: Որ քրիստոնեություն հռչակելը և քրիստոնյա դառնալը նույնը չեն: Իսկ եթե դարձել ենք քրիստոնյա, տարբերո՞ւմ ենք եկեղեցին ու Աստծո տունը: Ազատե՞ց մեզ սրբադասումը ցեղասպանվածի սինդրոմից: Ոչ, մենք ինքնագիտակցության դառը դասը չենք ավարտել: Թուրքերը մեզ սպանում էին, որովհետև մենք նրանց խանգարում էինք մեր տանն ապրել: Ի՞նչ եղավ «Թղթածրարը», որ Համահայկական հռչակագրով պիտի բանաձևեր մեր պահանջատիրությունը: Քնե՞ց քաղաքական քնով: Հովհաննես Պողոս Երկրորդը, Ֆրանցիսկոսը ու Հռոմի հաջորդ բոլոր պապերն էլ տարին մեկ գան Հայաստան ու ցեղասպանությունը անվանեն ցեղասպանություն, ոչինչ չի փոխվի, եթե մենք գամվենք-մնանք սպառողի մեր հոգեբանության մեջ ու ինքներս ոչինչ չստեղծենք: Մենք մեր անցյալի ու ներկայի պատմությունը նվիրում ենք օտարներին՝ թող գրեն, ինչ ուզում են, մենք հետո գնահատական կտանք՝ կընդունենք, կամ կմերժենք, ու այդ դեպքում ո՞վ ենք մենք: Այսօր ևեթ Թուրքիային պատերազմ հայտարարել ու պատմական Հայաստան պահանջե՞լ: Բնականաբար, ոչ: Եթե Էրդողանը գժվի ու ասի՝ ներեք ինձ իմ պապերի համար, որ ձեզ սպանել են, վերադարձնում եմ՝ ինչ խլել են նախնիներիս նախնիները, ամայի են մնալու այդ հողերը, քանի դեռ հայերն ամբողջ աշխարհից պահանջում են ցեղասպանությունը ճանաչել, իսկ իրենք չեն ընկալել՝ ինչ է նշանակում ցեղասպանություն հաղթահարել: Քանի դեռ հայերն աշխարհում Հայաստանից եռապատիկ ու քառապատիկ շատ են: ՈՒ դա նշանակում է, որ մենք մեզ չենք սիրում, բայց ուզում ենք ուրիշները սիրեն:
Երբ Հռոմի պապի սպիտակ պապամոբիլը թռվռում էր Գյումրու ճանապարհներին, ես վախենում էի, որ գերամուր մեքենան խափանվելու է: ՈՒ դա երկրաշարժի հետ կապ չունի, 88-ի երկրաշարժի հետևանքները մենք չենք վերացրել ոչ թե այն պատճառով, որ փող չունենք, այլ որովհետև երկրաշարժը ոչ միայն տարերային, այլև բարոյական ու հոգեբանական աղետ էր: Համարյա պարծանքով ենք ասում՝ Գյումրին Հայաստանի ամենաաղքատ քաղաքներից է: Որովհետև հպարտություն չունենք, որովհետև պատվախնդրություն չունենք, որովհետև անգամ երբ Գյումրիում ճանապարհ է կառուցվում, շինարարին որտեղից ասես, բայց ոչ տեղից ենք գտնում: ՈՒ՝ ամեն ինչ այդպես: Ցուցափեղկի ու բովանդակության տարբերությունը չտեսնելու մեր համառության մեջ մրցակիցներ չունենք: 25 տարի է՝ Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն է: ՄԱԿ-ի անդամ՝ դրոշով, օրհներգով, զինանշանով, իսկ կա՞ անկախության գիտակցություն: Ձևականորեն՝ այո, ցուցափեղկը տեղում է, ներսում ի՞նչ կա: Կարծրատիպերի հավաքածու՝ ծեփված սովետական ցեմենտ-բետոնից՝ եվրավերանորոգված: Ապրում ենք վարկերի հաշվին, արտադրանքի փոխարեն արտահանում ենք էժան աշխատուժ, բյուջեն անվանում ենք սոցիալական ու պատկերացնում ենք մի հաշվեհամար, որտեղից աշխատավարձ, կենսաթոշակ ու նպաստ են տալիս: Զարգացման ծրագրե՞ր: Լիքը: Մեկը մեկից զարգացած: Որ ոլորտի մեջ մի քիչ խորանում ես՝ պրոբլեմ պրոբլեմի վրա: Բայց կառավարությունն օրնիբուն աշխատում է: Պայքարում է: Տեղ-տեղ՝ հաղթում է: Կոռուպցիային: Կաշառակերությանը: Հովանավորչությանը: Հին-մին մեքենաներին: Ինքն իրեն՝ պաշտոնանկված մի քանի պաշտոնյաների տեսքով: Ցուցափեղկում ամեն ինչ հարթ է, ներսում՝ ցաքուցրիվ: ՈՒ բնական է, որ աշխարհին ներկայացող ցուցափեղկում երեք բրենդ կա՝ ցեղասպանություն, երկրաշարժ, Ղարաբաղ, դուռը բացող, ներս մտնող չկա, որովհետև այդ երեք բրենդներով էլ աշխարհը լավ խաղում է իր խաղը՝ պարտադրելով իր ցանկությունները մեզ, որովհետև մեր ներսում մենք դիմադրունակ կառույց չունենք: Անկախության մեր ողնաշարը չկա, կան վերջույթները, որ անդուլ գործում են, բայց առանց ողնաշարի ու առանց հեռանկարի: Այո, Աստված բարի է իր բոլոր ճանապարհների վրա, ու փակուղին նրա հնարածը չէ, այլ մեր:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Իսկ Ղարաբա՞ղը՝ մեր երրորդ բրենդը: Մենք ի՞նչ: Պուտինը կասի՝ կանենք: Անունը Կազան կլինի, թե Լավրովի պլան՝ երկու մասից: Առաջին՝ հայկական ուժերը հետ են քաշվում հինգ շրջաններից՝ Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրայիլ, Զանգելան, Կուբաթլու, երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ, որը չի ենթադրում վերադարձ Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմ, բայց չի ենթադրում անկախ կարգավիճակ տեսանելի ապագայում՝ կամարտահայտության ճանապարհով: Եթե Ադրբեջանը համաձայնի, պետք է փոխի սահմանադրությունը, որով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է համարվում: Բաքուն չի ընդունում հանրաքվեն ու կարգավիճակը: Հայաստանը չի համաձայնում Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակի Ադրբեջանի կազմում, Մոսկվան ասում է՝ հինգ շրջանի դիմաց միջանկյալ կարգավիճակ, մի քիչ էլ կմոռանանք Քարվաճառի և Լաչինի շրջանների վերադարձը: ՈՒ ի՞նչ: Ալիևն ասում է՝ «Ադրբեջանը երբեք թույլ չի տա իր պատմական տարածքներում երկրորդ հայկական պետություն ստեղծել՝ դա բանակցությունների թեմա չէ ու չի եղել երբեք»: «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ապագայի հարց է: Իհարկե, որոշակի կարգավիճակ կարող է հատկացվել: Ադրբեջանի կազմում կա Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը: Եվրոպայում, այլ երկրներում կան առաջադեմ փորձ ու տարատեսակ կարգավիճակներ: Բայց այդ կարգավիճակը չպետք է խախտի մեր պետության տարածքային ամբողջականությունը»: Ասում է՝ «Սանկտ Պետերբուրգում քննարկվել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի թվաքանակի մեծացման հարցը: Ճիշտ է՝ թիվը նշված չէ, բայց ես կարող եմ ասել՝ եթե այսօր 6 մարդ է աշխատում, թիվն առավելագույնը 2-2,5 անգամ կարող է ավելանալ, այսինքն՝ խոսքը մեծ առաքելության մասին չէ: Եթե հաշվի առնենք, որ շփման գիծը տասնյակ կիլոմետրերով է չափվում, այլ իմաստ պետք չէ փնտրել: Մանդատն էլ իր տեղում է, ոչ մի փոփոխություն չկա, 6-ի փոխարեն 12, 13 կամ 14 աշխատակից կլինի ու վերջ: Ինչ վերաբերում է հայերի առաջադրած պայմանին՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառման հարցում, ես կարծում եմ, որ այս փուլում դրա կարիքը չկա: Նախ՝ այդ մեխանիզմները չկան, ոչ ոք կոնկրետ չի ասում, թե իրենցից ինչ են ներկայացնում այդ մեխանիզմները, ուրեմն ճիշտ չէ այսօր այդ հարցը քննարկել: Երկրորդ՝ ո՞րն է իմաստը: Եթե նկատի է առնվում կոնֆլիկտի «սառեցումը» և ինչ-որ լրացուցիչ միջոցներ ձեռնարկելը շփման գծում, Ադրբեջանը, իհարկե, դրան չի գնա: Դա կարող է լինել բանակցային գործընթացի դրական դինամիկայի դեպքում, որ մենք տեսնենք կոնկրետ արդյունքներ, որ մենք իմանանք մեր տարածքների ազատագրման ժամկետները, այդ դեպքում կարող են մշակվել տարբեր մեխանիզմներ, միայն այդ ժամանակ այս հարցը կարող է քննարկվել»:
Մենք ի՞նչ ենք ասում, որ Պետերբուրգը Վիեննայի շարունակությո՞ւնն է, որ Վիեննայում ընդունվել են Հայաստանի նախապայմաննե՞րը: Որ Մամեդովը ստո՞ւմ է: Որ Զախարովան նրան տե՞ղը դրեց: Դրեց-չդրեց, ի՞նչ նշանակություն ունի: Ժամանակն է, որ ի՞նչ է բանակցում ու ի՞նչ է ասում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցի պատասխանը ստանանք ոչ թե Բաքվից, Մոսկվայից, Փարիզից, Վաշինգտոնից, արտասահմանյան թերթերին ու հեռուստաընկերություններին տված նրա հարցազրույցներից, տարբեր պաշտոնյաներից, որ ինչպես Էդվարդ Նալբանդյանն է ասում՝ բանակցություններին չեն մասնակցել ու չեն կարող իմանալ՝ ինչ է քննարկվել, այլ հենց իրենից: Այլապես՝ կրկնվելու է լրջանալու պահը, և նորից չենք լրջանալու:
Սկսեցինք 800 հեկտարով, կստանանք Նախիջևան, որտեղ հայերի բնակության հիշողություններն էլ են ջնջվում: Այդպես չի կարող լինել, եթե անկախության բոլոր նախագահներն էլ գան ու ասեն՝ միակ տարբերակն է: Եթե աշխարհի բոլոր քաղաքների անուններով սկզբունքներ մշակվեն, սկզբունքը մեկն է՝ հողը չի վաճառվում: